Արարատ Միրզոյանի կոալիցիան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սկսել է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների շարք: Օրակարգը ներքաղաքական իրադրությունն է, իսկ ավելի մանրամասն բովանդակությունը պարզ չէ: Արտախորհրդարանական ուժերի հանդիպումների շարքը կներառի՞ ուժեր, որոնք ներկայում վարչապետի հրաժարական պահանջող 17-ի ձեւաչափում են:

Օրինակ, դրանցից մեկի՝ Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե Իմ քայլի հետ հանդիպման պատրաստ է՝ ապագային վերաբերող հարցեր քննարկելու համար, բայց ոչ վարչապետի հետ: Թե՞ Արարատ Միրզոյանի քննարկումները վերաբերում են միջնաժամկետ հեռանկարի, եւ դրանց օրակարգում շոշափվում է հնարավոր արտահերթ ընտրությանը քաղաքական կոալիցիայի ձեւավորման եւ դաշինքային մասնակցության տեսլականը:

Անկասկած է, որ Իմ քայլը մեծամասնությունը կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինքնին կորցրել են իրենց հեղափոխական «բրենդայնությունը», միաժամանակ ձեռք չեն բերել քաղաքական կայուն եւ տարողունակ իմիջ: Վարչապետ Փաշինյանի անձնական վարկանիշի հարցն էլ չի ունենա այն էֆեկտիվությունը, որի շնորհիվ հնարավոր կլինի ունենալ երաշխավորված հաջողություն:

Այդ առումով, կամ քաղաքական արմատական վերափոխումը, կամ քաղաքական հնարավորինս ընդգրկուն դաշինքը դառնում են անխուսափելի: Քաղաքական վերափոխում իրականացնելու, որակապես նոր քաղաքական թիմ, իմիջ, նոր քաղաքական բովանդակություն ձեւավորելու համար կպահանջվեն տարիներ: Այդ իմաստով, առավել օպերատիվ մոդել է քաղաքական դաշինքն այն ուժերի հետ, որոնք կարող են ունենալ ուղենշային մի քանի ընդհանրություն: Արդյո՞ք Արարատ Միրզոյանը սկսել է այդ ուժերի փնտրտուքը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արարատ Միրզոյանի կոալիցիան