Բանակցություններն ավարտվել են․ Իրինա Յոլյան

Բանակցություներն այսօր ավարտվել են, և հստակ պայմանավորվածություն առայժմ չկա։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Բանակցություններն ավարտվել են, մեր ունեցած տեղեկություններով առայժմ որևէ հստակ պայմանավորվածություն չկա։

Հետաձգվել են և կշարունակվեն վաղը։ Ժամի մասին որևէ տեղեկատվություն այս պահի դրությամբ չկա։ Արդյունքի մասին միանշանակ չեմ կարող ասել, բայց այն, որ վաղը շարունակվում է, ցույց է տալիս, որ վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա»,- ասաց փոխքաղաքապետը։

Նա նաև նշեց, որ դիրքային փոփոխություններ չեն եղել։ Իսկ գյուղացիների մոտ խուճապ չկա։ Սյունեցիներն իրենց տեղում են, այս մասով որևէ խնդիր չկա։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բանակցություններն ավարտվել են․ Իրինա Յոլյան