Թավիշից վերջնականապես հրաժարվելու ու կտրուկ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա

«Չեմ կարծում, թե այս պահին ներքաղաքական խմորումների ժամանակն է։ Ըստ իս՝ ավելի ճիշտ կլինի ընդհանուր կոնսենսուս ձևավորել գերագույն գլխավոր հրամանատարի շուրջը և փորձել ստեղծված իրավիճակից համատեղ ուժերով դուրս գալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՔՊ թիմի միջև առաջացած բանավեճին։

Մեր զրուցակցի կարծիքով՝ այն նորությունը, որ առաջին ու երկրորդ նախագահները ցանկանում են մեկնել Ռուսաստան և հանդիպել ՌԴ էլիտայի որոշ ներկայացուցիչների հետ՝ դրական է ընկալվել.«Ես գտնում եմ, որ ցանկացած փորձ կարող է որոշակի հաջողություն ապահովել հայկական կողմի համար։ Սակայն հետագայում այդ այցի ձախողումն ու դրանից հետո առաջին նախագահի կողմից արված հայտարարությունը ավելի շատ դեստաբիլիզացիոն ազդեցություն կարող է ունենալ քաղաքական դաշտի վրա, ինչը այս պահին մեզ ընդհանրապես ձեռնտու չէ»։

Քաղաքագետի խոսքերով՝ պատերազմական այս իրավիճակում մթնոլորտն իդեալական չէ.«Հաշվի առնելով, որ եղել են շատ ավելի կտրուկ հայտարարություններ, ինչպես օրինակ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը։Այժմ թավիշից վերջնականապես հրաժարվելու և կտրուկ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա, քանի որ ցանկացած ներքաղաքական խմորում ու խնդիր այս պահին ուղղակիորեն ազդում է ռազմաճակտում մեր գործողությունների վրա ու կարող է ցավալի հետևանքներ բերել։ Չմոռանանք, որ 90-ական թվականներին մեր հաջողությունները պայմանավորված են եղել Ադրբեջանում սուր ներքաղաքական խնդիրներով։ Եվ եթե այդպիսի ներքաղաքական խնդիրներ լինեն նաև Հայաստանում՝ բացառված չէ, որ այս անգամ էլ Ադրբեջանը դրանք կարողանա օգտագործել»։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Թավիշից վերջնականապես հրաժարվելու ու կտրուկ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա