Ի՞նչպես էին Այվազովսկու «Նոյը իջնում է Արարատից» կտավը օգտագոծում որպես դուռ և ո՞վ գտավ և բերեց Հայաստան

Աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին մեծ դեր է ունեցել հայկական և ռուսական մշակույթում: Նա լայն համբավ է բերել ռուսական նկարչությանը ողջ աշխարհում, և որոշակի դերակատարում է ունեցել հայկական արվեստում, որտեղ իրենց արտահայտությունն են ստացել հայ ժողովրդի հինավուրց մշակույթի և ազգային բնավորության գծերը: Այվազովսկին երբեք չի թաքցրել իր հայկական արմատները և հարկ եղած դեպքում առիթը բաց չի թողել շեշտելու համար, որ ինքը հայ է:

Նա ստեղծել է ազգային պատմական թեմաներով բազմաթիվ կտավներ, արձագանքել 1892-1896թթ. համիդյան ջարդերին և մինչև իր կյանքի վերջը հավատարիմ է մնացել իր ժողովուրդ: Այվազովսկու 6000 աշխատանքների մեջ առանձնանում է «Նոյը իջնում է Արարատից» կտավը: Այս նկարն ունի իր հետաքրքիր պատմությունը:1960թ. հայտնի արվեստաբան Շահեն Խաչատրյանը Հանրային գրադարանի վերին սրահում (ուր մի ժամանակ Մատենադարանն էր) տեսնում է այս կտավը:

Արվեստաբանը զարմանք է ապրում, երբ կտավի շրջանակի վրա նկատում է Հայաստանի Ազգային պատկերասրահի թիթեղյա անվանապիտակը: Բանակցելով գրադարանի տնօրինության հետ՝ նրան հաջողվում է նկարը բերել պատկերասրահ և հենց հայկական սրահում Այվազովսկու մի շարք այլ կտավների հետ ցուցադրվում է նաև «Նոյը»: Տարիներ անց Շահեն Խաչատրյանը պարզում է, թե ինչպես է նկարի վրա հայտնվել պատկերասրահի անվանապիտակը:

Պարզվում է, որ այս կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1890թ.՝ Այվազովսկու Փարիզյան անհատական ցուցահանդեսում: Թերթերից հայտնի է, որ Այվազովսկին, վերնիսաժին ներկա հայրենակիցներին մատնացույց անելով Արարատը, ասել է. «Ահա մեր Հայաստանը»… Այնուհետև Այվազովսկին նկարը նվիրել է Դոնի Ռոստովի արական գիմնազիային, ուր կախվել է ուսոցչանոցում: Հեղափոխության թոհուբոհի տարիներին գիմնազիայի շենքն անցել է մերթ կարմիրներին, մերթ սպիտակներին, և մեծ ծովանկարչի նկարով ծածկել են տեղահան արված դռան բացվածքը:

Հենց այստեղ էլ, շատ պատահական այս կտավը տեսնում է Մարտիրոս Սարյանը և թաքուն տանում: Նա այն ժամանակ թանգարանի համար հավաքելիս է լինում կերպարվեստի գործեր և ի թիվս այլ գործերի «Նոյը» բերում է Երևան: Այնուհետև կտավը հայտնվում է Հանրային գրադարանում: Որտեղ էլ, հավանաբար կրոնական թեմատիկայի պատճառով, արգելվում է նկարի հանրային ցուցադրությունը և այն «մեկուսացնում են»: Այս կտավը համարվում է Հովհաննես Այվազովսկու լավագույն աշխատանքներից մեկը և այժմ այն ցուցադրվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի՞նչպես էին Այվազովսկու «Նոյը իջնում է Արարատից» կտավը օգտագոծում որպես դուռ և ո՞վ գտավ և բերեց Հայաստան