Ինչպես պատրաստել բարձր և թեթև բիսկվիթ

Բիսկվիթը ամենապարզ ու արագ պատրաստվող խմորներից է, բայց միևնույն ժամանակ այն երևի թե ամենաքմահաճն է։ Թվում է թե ամեն բան ճիշտ ես արել, իսկ արդյունքում չես ստանում այն, ինչ սպասում էիր։ Այսօր մի քանի գաղտնիք կբացահայտենք, որոնց օգնությամբ ձեր բիսկվիթը հարթ, բարձր ու օդային կստացվի, ինչպես նկարում է։ Սկզբի համար ներկայացնենք խմորի ունիվերսալ բաղադրատոմսը․ 230 գրամ շաքարավազ , 130 գրամ ալյուր , 6 ձու , 2 գրամ վանիլին։

Պատրաստման եղանակը — Դեղնուցները առանձնացրեք սպիտակուցներից և դեղնուցները տրորեք 100 գրամ շաքարավազի հետ, այնուհետև զանգվածը լավ հարեք ձեռքի հարիչով․ այն պետք է զանգվածով ավելանա և սպիտակի։ Սպիտակուցները հարեք մաքուր և չոր տարայի մեջ՝ աստիճանաբար մեծացնելով արագությունը։ Երբ սպիտակուցները սկսեն պնդանալ, ավելացրեք մնացած շաքարավազը և շարունակեք հարել, մինչև որ փրփուրը կպնդանա։

Սպիտակուցների մեկ երրորդը ավելացրեք դեղնուցին և խառնեք բահիկով։ Հետո զգուշությամբ մաղեք ալյուրը (լավ կլինի 2-3 անգամ) և ավելացրեք սպիտակուցով դեղնուցին։ Խառնեք, ավելացրեք մնացած սպիտակուցներն ու կրկին խառնեք։ Խմորը պատրաստ է։ Գաղտնիք № 1․ բիսկվիթը թխելու ճիշտ ջերմաստիճանը — Թխելու օպտիմալ ջերմաստիճանը 170-180 աստիճանն է մոտ 40-60 րոպե, կախված ջեռոցից։

Գաղտնիք № 2․ փայլաթիթեղ — Լավագույն բիսկվիթը կստացվի այն դեպքում, երբ խմորը հավասարաչափ թխվի։ Իսկ դրան հասնել կարելի է միայն, եթե բիսկվիթը դնեք սառը ջեռոցը և ծածկեք ծակերով փայլաթիթեղով։ Եթե ձեր փայլաթիթեղը սովորական է, ապա ասեղով ծակծկեք այն։ Եվ այսպես, խմորը լցրեք ձևամանի մեջ, ծածկեք փայլաթիթեղով, անցքեր արեք, եթե փայլաթիթեղը սովորական է և դրեք թխվելու։


Գաղտնիք № 3․ համբերություն — Շատերի համար դա գաղտնիք չէ, բայց ամեն դեպքում հիշեցնենք․ ոչ մի դեպքում մի բացեք ջեռոցը թխվելու ընթացքում, ինչպես նաև բիսկվիթն անմիջապես մի հանեք։ Հենց որ բիսկվիթը պատրաստ լինի, բացեք ջեռոցի դուռը, սպասեք ևս 10 րոպե և հետո միայն հանեք այն։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպես պատրաստել բարձր և թեթև բիսկվիթ