Հները վերադառնալու շանս չունեն, նրանց տարիները սևով են հիշում բոլորը

1in.am -ը գրում է — 2020 թվականը սարսափելի տարի էր Հայաստանի համար, մյուս կողմից՝ կորոնավիրուսը ամբողջ աշխարհը խառնեց իրար։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ամփոփելով 2020 թվականը, նշեց ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը: «Ես սկզբում հույս ունեի, որ կորոնավիրուսը կշրջանցի Հայաստանը, բայց, դժբախտաբար, այդպես չեղավ, տնտեսությունը արդեն իսկ տուժել էր կորոնավիրուսից, ու հանկարծ Հայաստանը ավելի սարսափելի վիճակում հայտնվեց, երբ պատերազմը սկսվեց:

Ես իմ ընկերներին հարցրի՝ արդյոք հույս կա՞, որ Հայաստանը հաղթի, ինձ բոլորն ասացին, որ հետևեմ ՊՆ-ին, իսկ մենք ՊՆ-ով ամեն օր մտածում էինք, որ շատ լավ կռվում ենք, որ հաղթելու ենք, և ես իսկապես չէի սպասում, որ այդչափ ցավալի վերջաբան կունենա պատերազմը»,- ասաց նա: «Երկրաշարժից մինչև ղարաբաղյան շարժում, մինչև Քոչարյան ու Սերժի տարիներ, այդ ամենից հետո վերջին երկուսուկես տարին մի քիչ հուսով էինք, որ ամեն ինչ լավ կլինի, բայց հիմա ամեն ինչ փլվեց: Մենք ամենքս այստեղ սարսափում ենք, ամեն օր տեղեկատվություն կարդալով ավելի ենք սարսափում, և երբ զանգում ենք ու տեղեկանում, որ այսօր առանձնապես բան չի եղել, ուրախանում ենք։

2021-ին պետք է մաղթենք, որ մեր ժողովուրդը խելացի լինի, մենք հազիվ պատմականորեն բախտ ենք ունեցել անկախ պետություն ունենալու, և հայ ժողովուրդը պետք է իր այդ արժեքը գնահատի, պահպանի իր Սահմանադրությունը և կարողանա նոր ղեկավար ընտրել, որին մենք գուցե այսօր չենք տեսնում, բայց վստահ եմ, որ Հայաստանում տեսնում են։ Նախևառաջ պետք է այդ կարողությունը ունենանք»,- ընդգծեց գործարարը։

Աշխեն Գործունյանը համոզված է, որ 2021 թվականին Հայաստանի իշխանությունը պետք է հեռանա: «Գուցե ես սխալ եմ, բայց անշուշտ պետք է հեռանա և պետք է հեռանա առանց ցնցումների: Այս իշխանությունը պարտվեց պատերազմը, որքան մարդ կա, որ չի կարող ներել երիտասարդների մահն ու հողերի հանձնումը, դրա համար իշխանությունը պետք է հեռանա, բայց նոր իշխանություններին ժողովուրդը պետք է որոշի ազատ ընտրություններով։ Հները վերադառնալու շանս չունեն, նրանց տարիները սևով են հիշում բոլորը»,- ասաց նա՝ հավելելով, որ վստահում է այսօրվա երիտասարդությանը, որոնք պետք է առաջնորդեն երկիրը:

«Ես շատ եմ ջղայնանում, երբ Հայաստանում ոմանք ասում են՝ նորից պատերազմ. ինչո՞վ պետք է անենք, նախ պետք է երկիրը ոտքի կանգնի: Նախ մենք գոյությունը պաշտպանելու խնդիր ունենք։ Սփյուռքում մենք գուցե հեռու ենք, բայց հեռվում գտնվողներն ավելի ծանր են տանում, շատ դժվար է դիմանալ այդ ամենին: Սփյուռքը մեծ անելիք ունի, պետք է ինքնակազմակերպվի: Սփյուռքում հիմա նույնիսկ նրանք, որոնք ընդհանրապես չէին հետաքրքրվում Հայաստանով, սկսել են հետաքրքրվել, հիմա երիտասարդների մեջ շատ կարող ուժեր կան, և Սփյուռքը ոչ թե պետք է դատավոր լինի Հայաստանին, այլ պետք է օգնի այնպես, ինչպես կցանկանա նոր ձևավորված կառավարությունը»,- ասաց Գործունյանը, իսկ 2021-ին մեր երկրին ու ժողովրդին մաղթեց համբերություն, առողջություն, և որպեսզի Նոր տարում հնարավորինս մոռանանք 2020-ը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հները վերադառնալու շանս չունեն, նրանց տարիները սևով են հիշում բոլորը