Քարտեզը վկայում է՝ խնդիրն ու վերջնանպատակը Մեղրին է. Դավիթ Բաբայան

ArmDaily.am -ի զրուցակիցը Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն է։ -Չնայած 3-րդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ թշնամին շարունակում է խախտել հրադադարը, պարոն Բաբայան, ինչ իրավիճակ է այս պահին Արցախում։ -Հակառակորդը շարունակում է ակտիվորեն խախտել զինադադարի ռեժիմը և ռմբակոծում է մի շարք բնակավայրեր։ Շփման գծի մի շարք հատվածներում ծանր մարտեր են ընթանում։ Այս պահին Ստեփանակերպում տագնապ է հայտարարված։

Կարծում եմ թշնամին այլևս հատել է «կարմիր գիծը» և սա իսկապես բերելու է տարածաշրջանային ու գլոբալ լուրջ բախումների։ Այսպիսի պահվածքը ոչ այլ ինչ է, քան պարզապես արհամարհանք միջազգային հանրության և պետությունների նկատմամբ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի կայունությունը և խաղաղությունը պահպանվի։ Եթե չի պատրաստվելու զինադադարը, ապա ինչու է Ալիևն իր նախարարին ուղարկում բանակցությունների, ձե՞ռք է առնում։ Հատկապես, երբ անգամ ԱՄՆ նախագահն է միջամտում, իսկ այնտեղ նախագահական ընտրություններ են։

Այսինքն, ինչի՞ վրա է հույսը դրել։ Որ դրանից հետո պետք է Վաշինգթոնը լռի՞։ Եթե Վաշինգթոնն էլի է լռելու՝ ուրեմն ի վիճակի չէ ինչ-որ բան անել։ Ստացվում է, որ իր՝ որպես գերտերության կարգավիճակը խարխլում են ինչ-որ Ալիև և Էրդողան։ Ես կարծում եմ, որ այս ամենը բնական զարգացում է, քանի որ ժամանակին շատ են թույլ տվել Թուրքիային սահմաններն անցնել։ Երբ Էրդողանը հայտարարում է, որ իր համար Ֆաշիստական Գեմանիան հանդիսանում է կառավարման օրինակ, իսկ դրանից հետո՝ Իսրայելում կառավարության անդամները գործարք են կնքում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ապա ակնհայտ է, որ ֆաշիզմից տուժած ժողովուրդները ֆաշիզմի հետ են գործարք կնքում։

Դե դրա համար էլ այսպես է լինելում։ Երբ Էրդողանը վիրավորում է Մակրոնին՝ նա Մակրոնին չի վիրավորում, Ֆրանսիային ու ողջ Եվրոպային է վիրավորում, սա պետք է բերի լուրջ հետևանքների։ Այս պատճառով մենք պետք է լավ հասկանանք, միգուցե, սա Ալիևի և Էրդողանի թատրոնի վերջին արարներն է։ Կարծում եմ, դա ժամանակը ցույց կտա, սակայն կարծում եմ, որ թե Մոսկվան, թե Վաշինգթոնը, թե Փարիզը շատ վճռական են տրամադրված սրանից հետո գործողություններին։

-Պարոն Բաբայան, այս համատեքստում ի՞նչ կարելի է ակնկալել հոկտեմբերի 29-ին Ժնևում կայանալիք ՄԽ համանապագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից։ -Ինչ վերաբերում է ժնևյան հանդիպմանը, ապա ամենևին էլ պարտադիր չէ, որ այն կայանա, պետք է ակնկալել, որ այդ 3 պետությունների կողմից շատ կոպիտ արձագանք է լինելու՝ առնվազն Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքի նկատմամբ, քանի որ սա ոչ այլ ինչ է, քան տեռորիզմ և հարձակում նաև գերտերությունների հեղինակության նկատմամբ։

-Պարոն Բաբայան, օրերս ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց քարտեզը, որտեղ երևում էին, թե որ տարածքներն է հայկական կողմը կորցրել։ Նման քարտեզով զինադադարը արդյո՞ք մեզ համար վտանգներ չի պարունակում։ -Պատերազմն ունի իր դաժան կանոնները, նախ՝ մեր տղաները և երիտասարդները ցույց են տվել աննկարագրելի հերոսություններ ու սխրանքներ, դրա մասին բոլորն են խոսում, անգամ ԱՄՆ նախագահը։

Այն որ փոփոխություններ են եղել սահմաններին ու ճակատում՝ սա էլ է պատերազմի բնորոշ երևույթներից մեկը, սակայն այս պահին կարևորն այն է, որ մենք առավելագույնս փրկենք մեր երիտասարդների, մարդկանց կյանքը, միաժամանակ, մաքսիմալ հարված հասցնենք հակառակորդին, թե կենդանի ուժի, թե զինտեխնիկայի տեսանկյունից։ Այո, հակառակորդն ունի մոտավորապես 10 հազար զոհ և առնվազն 60-70 հազար վիրավոր, թեև թաքցնում է այդ թվերը։ Մինչդեռ մեզ համար մեկ զոհն էլ ողբերգություն է, մենք պետք է հասկանանք, որ այս տարածաշրջանում մենք պետք է հավերժ ապրենք, այսօրվա փոփոխվող սահմանները հավերժ չեն։ Եթե մենք ճիշտ դասեր քաղենք և հետևություններ անենք։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ խնդիր է լուծում թշնամին նեղ միջանցքով հարավային ուղղությամբ ճեղքում առաջացնելով ու հասնելով մինչև Հայաստանի սահման։ -Նպատակը միայն մեկն է, ու նրանք դա չեն կարողանում թաքցնել։ Խնդիրն ու վերջնանպատակը Մեղրին է։ Իրենք չեն կարողանում թաքցնել իրենց նպատակը՝ տիրանալ Մեղրիին և բացել պանթուրքիստական միջանցքը դեպի Նախիջևան, այստեղ անգամ որևէ նշանակություն չունի, որ Մեղրին Հայաստանի Հանրապետության տարածք է։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Քարտեզը վկայում է՝ խնդիրն ու վերջնանպատակը Մեղրին է. Դավիթ Բաբայան